38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մշակույթի նախարարությունը մերժում է ցեղասպանության մասին սցենարները

Մշակույթի նախարարությունը մերժում է ցեղասպանության մասին սցենարները
03.04.2015 | 00:41

Ցեղասպանության թեման հայ կինոարվեստում բավականին քիչ է ներկայացված: Խոսքը հիմնականում խաղարկային ֆիլմերի մասին է: Ցեղասպանության էկրանավորման պակաս տեսնում են նաև ոլորտի մասնագետները: Խնդրի առնչությամբ արվեստագիտության թեկնածու, կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ և բանասիրության թեկնածու, հայագետ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում իրենց դիտարկումները ներկայացրին:
«Այն ամենը, ինչ այս թեմայի շրջանակներում նկարահանվել է, քիչ է, ընդամենը մի կաթիլ` օվկիանոսում: Հայոց ցեղասպանության մասին ամբողջ 20-րդ դարում էլ շատ քիչ ֆիլմեր են նկարահանվել: Այդ հարցի շուրջ հիմնականում լռություն է տիրում»,- փաստեց Սիրանույշ Գալստյանը: Համեմատական անցկացնելով Հայոց ցեղասպանության և հոլոքոստի մասին նկարահանված ֆիլմերի միջև, բանախոսը նշեց, որ հրեաների ցեղասպանության մասին բազմաթիվ ֆիլմեր կան, բայց դրանք, իհարկե, ոչ բոլորն են արվեստի գործ: Վստահեցնելով, որ մեզ նախ և առաջ որակյալ խաղարկային ֆիլմեր են հարկավոր, կինոգետն ասաց, որ մեզանում ընդունված է եղածն անգամ քննադատել, այնինչ հարկավոր է աշխատել ու նոր ֆիլմեր ստեղծել:
Անկախության տարիներին Հայաստանում ցեղասպանության վերաբերյալ խաղարկային ֆիլմ չի նկարահանվել: Սա հավաստեցին ակումբի երկու հյուրերն էլ: «Խորհրդային տարիներին այս թեման անուղղակիորեն արծարծվել է: Մենք մեր ցավի մասին գեղարվեստական լեզվով չենք կարող խոսել, որովհետև կան սուբյեկտիվ պատճառներ: Ցավի, ողբերգության բեմադրումն ինքնին շատ մեծ վտանգ է ներառում: Քո ձեռքով նախնիներիդ ցավը, այրելը, բռնաբարությունը բեմադրելը բարդ, հոգեբանական առաջադրանք է»,- ասաց Արծվի Բախչինյանը` հավելելով, որ սա այն թեման է, որի մասին ճիշտ կլինի դրսից նկարահանել: «Ես եթե ռեժիսոր լինեի, չէի ցանկանա այդ բեռի տակ մտնել: Մենք մեր յուղով չտապակվենք, մենք չերգենք, մենք չպարենք: Եթե օտարներն անում են, անկախ նրանից ինչ չափով են անում, պիտի երախտագիտություն հայտնենք, որովհետև մենք չենք անում, չենք էլ կարողանում անել: Պակաս կարևոր չէ նաև ֆինանսական կողմի բացակայությունը»,- շեշտեց բանախոսը` նկատելով, որ ոչ միայն կինոարվեստի, այլև մյուս բնագավառներում էլ պետությունը լուրջ միջոցներ չի ներդրել, որպեսզի պատշաճ պատրաստվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Արդեն ապրիլն է, բայց մի լուրջ, միջազգային գիտաժողով Հայաստանում չանցկացվեց: Առայժմ մենք միայն անմոռուկների բիզնեսն ենք շատ լավ անում»,- վրդովմունք հայտնեց Արծվի Բախչինյանը: Սիրանույշ Գալստյանն էլ ընդգծեց, որ ոչ թե այսօր 100-ամյակի նախաշեմին պիտի ասել, որ ֆիլմ պետք է նկարահանվի, այլ այդ մասին հարկավոր էր ավելի վաղ մտածել: «Տասը տարի առաջ դեռ պետք է այս տարելիցին պատրաստվեինք: Վերջին մեկ-երկու տարում չպետք է ինչ-որ բաներ նկարահանվեին»,- ընդգծեց կինոգետը:
Ի դեպ, ուշագրավ է, որ, մի կողմից, չկան ցեղասպանության վերաբերյալ ֆիլմեր, մյուս կողմից էլ, ակումբի հյուրերի վստահեցմամբ, մշակույթի նախարարությունը առանց որևէ հիմնավորման մերժել է հրաշալի ֆիլմերի սցենարներ: «Առնվազն երկու շատ լավ նախագծեր գիտեմ, որոնք մերժվել են: Լավ, այստեղի ռեժիսորներին չեք վստահում, դրսից հրավիրեք, գումարները տվեք նրանց, որ ֆիլմ նկարահանեն: 100-րդ տարելիցը, ի վերջո, այն հանգրվանն է, որ աշխարհին պաշտոնական ինչ-որ բան պիտի ցուցադրենք, մեր դիրքորոշումը ներկայացնենք»,- ասաց հայագետը` պատմելով մերժված սցենարներից մեկի մասին, որը վերաբերում է Ռուբեն Սևակին: Կինոգետն էլ հեգնեց՝ այնպիսի տպավորություն ունի, որ մշակույթի նախարարությունում այդ սցենարները չեն էլ կարդացել:
Սակայն, ի հեճուկս խաղարկայինի, վավերագրական ֆիլմերի պակաս մեզանում չկա: Անգամ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում եղել է հատուկ ծրագիր` Եղեռնը կինոյում: «Բայց վավերագրական կինոն չունի այնքան ազդեցություն, քանի որ այն միլիոնավոր մարդիկ չեն դիտում, նկարահանվում է նեղ շրջանակների համար: Դրանք նման են ցեղասպանության թանգարանի ֆոնդերի»,- ասաց Բախչինյանը, իսկ Գալստյանն էլ հընթացս հավելեց, որ այդ վավերագրական ֆիլմերն էլ թարգմանության և հեռուստատեսությամբ ցուցադրելու խնդիր ունեն:
Այսուհանդերձ, բանախոսները համակարծիք են, որ մեկ ֆիլմով պետք չէ սպասել, որ ցեղասպանության ողջ էությունը կներկայացվի, բոլոր հարցերին պատասխան կտրվի: Չնայած, ինչպես վստահեցրեց Սիրանույշ Գալստյանը, կան ստեղծագործություններ, որոնք պետք է ռեժիսորների ուշադրությանը վաղուց արժանացած լինեին:
Բանախոսներն անդրադարձան նաև թուրք ռեժիսորի նկարահանած «Սպի» ֆիլմին: «Այդ ֆիլմը փոքրիկ ներդրում է ցեղասպանության լուսաբանման հարցում: Չպետք է քարկոծել»,- ասաց Սիրանույշ Գալստյանը` ավելացնելով, թե, անշուշտ, որոշակի վերապահումներ ունի, օրինակ, ֆիլմից չի երևում, որ դա ծրագրված ոճիր էր: «Ես թուրք ռեժիսորից ավելին չէի էլ սպասում: Ֆիլմը հուզում է ինձ»,- հայտարարեց Արծվի Բախչինյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 30980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ